Telegram սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովը կներկայանա դատարան՝ Փարիզի օդանավակայանում իր հայտնի հաղորդագրությունների հավելվածի հետ կապված իրավախախտումների համար ձերբակալվելուց հետո` հայտնում է AFP-ն։ Դուրովը մեղադրվում է նրանում, որ միջոցներ չի ձեռնարկել հանցավոր նպատակներով իր հարթակի օգտագործումը կանխելու համար։                
 

«Ֆիլմը դիտելուց հետո ձկնորսներն ասացին, որ իրենց աշխատանքը շատ գեղեցիկ է»

«Ֆիլմը դիտելուց հետո ձկնորսներն ասացին, որ իրենց աշխատանքը շատ գեղեցիկ է»
04.06.2019 | 02:51

Սևաստոպոլում կայացած «Հաղթեցինք միասին» միջազգային 15-րդ կինոփառատոնում Սևանի ավազանի մասին պատմող ԱՐԹՈՒՐ ՍԱՀԱԿՅԱՆԻ «Քամու հետ» ֆիլմն արժանացել է «Լավագույն վավերագրական ֆիլմ» մրցանակին: Վավերագրական ֆիլմերի մրցույթին մասնակցել են երիտասարդ ռեժիսորներ տարբեր երկրների 12 կինոդպրոցներից (Ռուսաստան, Ղրղզստան, Բելառուս, Լիտվա, Սլովակիա, Ղազախստան, Իսպանիա): Արթուր Սահակյանի ֆիլմը ներկայացրել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: «Քամու հետ»-ը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն է, արժանացել է հանրապետության նախագահի 2017 թ. երիտասարդական մրցանակին, լավագույն վավերագրական ֆիլմ է ճանաչվել «Անահիտ» 2-րդ մրցանակաբաշխության ժամանակ, անցյալ տարի ներկայացվել է «Ոսկե ծիրան» միջազգային փառատոնի «Հայկական համայնապատկեր» ծրագրում՝ արժանանալով «Լավագույն դեբյուտ» մրցանակին: Մոտ օրերս ֆիլմը կցուցադրվի «Մեկ կադր» փառատոնի շրջանակում:

-Արթուր, ի՞նչ տպավորություններով ես վերադարձել Սևաստոպոլում կայացած փառատոնից:
-Առաջին անգամ էի մասնակցում միջազգային փառատոնի: Մրցանակի արժանանալը, օտարերկրյա կինոգործիչների հետ ծանոթությունը, նրանց կարծիքները լսելը, համագործակցության առաջարկները, այդ ամենը հետաքրքիր ու կարևոր էին ինձ համար, չհաշված Սևաստոպոլի գինին:
-Օտարերկյա երիտասարդ կինոգործիչների ուշադրության կենտրոնում ո՞ր թեմաներն են:
-Հիմնականում բարձրացնում են սոցիալական թեմաներ, հետաքրքիր է, որ երիտասարդները նկարահանում են երիտասարդների մասին ֆիլմեր: Կարծում եմ՝ դա ավելի անկեղծ է ստացվում:
-Ինքդ Սևանի մասին ես ֆիլմ նկարահանել, փառատոնի ժամանակ էլ նշեցիր, որ քեզ հարազատ է այդ թեման, մեծացել ես այդ վայրերում: Կարծում ես՝ ֆիլմիդ հաջողության գրավականը հենց դա՞ է:
-Ինձ համար մի քիչ բարդ է այդ մասին խոսելը: Երևի հաջողության գրավականն այն մարդիկ են, որ անկեղծորեն ներկայացրել են իրենց խնդիրներն ու առօրյան: Ֆիլմը դիտելուց հետո ձկնորսներն ասացին, որ իրենց աշխատանքը շատ գեղեցիկ է: Կարծում եմ՝ այդ բարդ ու վտանգավոր աշխատանքը նրանք սիրով են անում, և այդ սերն ու գեղեցկությունը երևում են ֆիլմում:
-Ֆիլմիդ սկզբում նշվում է, որ Սևանա լճում տարեկան միջին հաշվով 10 ձկնորս է խեղդվում: Ֆիլմը նաև տարածաշրջանի միակ կին ձկնորսի մասին է: Հանձնախումբը քո ներկայացրած շեշտադրումներից հատկապես ի՞նչն է կարևորել:
-Մամուլի ասուլիսի ժամանակ հանձնաժողովի նախագահն ասաց, որ այս տարի մրցանակ կստանա մի ֆիլմ, որը նորություն է կինոմտածողության և բովանդակային առումով: Իսկ մրցանակաբաշխությունից հետո, անմիջական զրույցների ժամանակ հասկացա, որ նրանք սիրահարված էին Սևանի գեղեցկությանը:
-Կարելի՞ է ասել, որ ոչ թե սոցիալական թեման, այլ գեղեցիկ պատմությունն է գրավել հանձնախմբին:
-Այո, պոետիկ ռեալիզմը:
-Մրցութային ծրագրերում կայի՞ն քաղաքական շեշտադրումներով ֆիլմեր:
-Փառատոնի շրջանակում անցկացվեց պատերազմական թեմաներով ֆիլմերի մրցույթ: Այո, ընդհանուր առմամբ, կային ֆիլմեր, որ ուղարկվել էին որոշակի ակնկալիքով, ուղերձով, բայց կինոդպրոցների մրցույթում քաղաքական շեշտադրումներով աշխատանքներ չնկատեցի:
-Հաջորդ ֆիլմդ ինչի՞ մասին է լինելու: Մեր նախորդ զրույցի ժամանակ ասացիր, որ եռապատում ես ստեղծելու, բայց հաջորդ երկու աշխատանքները ոչ թե Սևանին են վերաբերելու, այլ տարածաշրջանին: Իսկ վաղամեռիկ երգչուհի Էլվինա Մակարյանի մասին ֆիլմդ ո՞ր փուլում է:
-Երկու նախագծերն էլ ուժի մեջ են, ավելացել են մի քանիսը: Անկեղծ ասած, Էլվինա Մակարյանի դեպքում նյութերի պակաս կա, սպասում եմ, կհամալրեմ դրանք, կավարտեմ և կսկսեմ մոնտաժել ֆիլմը: Նոր անիմացիոն շարք եմ սկսել 5-րդ ալիքով՝ «Մեզնից մեկը» վերնագրով. անդրադառնալու եմ Չարենցին, Մինասին, Տերտերյանին, մոտ 10-20 հայ մտավորականի:
-Ժամանակակից գրողի աշխատանքը էկրանավորելու մասին մտածե՞լ ես:
-Ներկայումս գրող, սցենարիստ Հովիկ Աֆյանի հետ աշխատում ենք կարճամետրաժ խաղարկային ֆիլմի սցենարի վրա: Սցենարական աշխատանքների փուլն ավարտելուց հետո կանցնեմ նկարահանումներին:
-Հովիկ Աֆյանի «Միս ուտողները» պատմվածքների ժողովածուի հետ ֆիլմը կապ ունի՞:
-Ոչ, նոր աշխատանք է:


Զրույցը՝
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3256

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ